Սմբատ Գոգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշմանը.
«ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․
1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2. 2019-ի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։
3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։
ՀԳ․ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար»։