Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև՝ հանրային բաց վայրերում դիմակների կրումը, իսկ կանոնները խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից՝ երեկ ԱԺ հատուկ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ խոսքը պարտադիր եռաշերտ դիմակների մասին չէ, կարող են լինել ինքնաշեն դիմակներ: Նա ընգծեց՝ իրենց համար առանցքային է մարդը, և այդ համատեքստում անհարկի են քննարկումները, թե որն է առաջնահերթ՝ տնտեսությո՞ւնը, թե՞տնտեսությանը վնաս հասցնելով՝ մարդու առողջությունը:
«Հետևաբար սահմանափակումները մեղմելով՝ մենք ոչ թե գերակայություն ենք տալիս տնտեսությանը, այլ առաջնորդվում ենք վարակի տարածման ներկայիս փուլում ՀՀ քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով: Ակնհայտ է, որ ՀՀ-ն կհաջողի, երբ յուրաքանչյուրը՝ նախարար, թե պատգամավոր, ոստիկան, թե բժիշկ, գործարար, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի պատասխանատվության իր բաժինը»,- ասաց նա:
Պարետը նշեց՝ երկիրն արդեն 2.5 ամիս ապրում է համավարակի, 2 ամիս՝ արտակարգ դրության պայմաններում, որի ընթացքում Կառավարության և պարետատան կողմից բազնմաթիվ գործողություններ են իրականացվել՝ իրավիճակը կառավարելու մի շարք գործիքներ և մեխանիզմներ են ներդրվել, կիրառվել են սահմանափակումների տարբեր ռեժիմներ:
«Մարտի 1-ից մինչ օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից հասկանալի է, որ մարտ ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել, մայիսի սկզբից դեպքերն սկսել են ինտենսիվ աճել՝ պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ և թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, որը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա»,- տեղեկացրեց Ավինյանը: Պարետը ներկայացրեց արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը՝ նշելով, որ ընդլայնվել են առողջապահական համակարգի կարողությունները, իսկ սահմանափակումների՝ փուլային տարբերակով մեղմումը պայմանավորված էր առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Նրա խոսքով՝ կատարվել է ախտորոշիչ լաբորատոր ցանցի պատրաստվածության ապահովում, որի արդյունքում օրական թեստերի թիվը հասել է 1000-ի, բուժանձնակազմի շարունակական ուսուցման գործընթաց՝ անհրաժեշտ կարողություններ ապահովելու նպատակով, հիվանդանոցներում ընդլայնվել է մահճակալների թիվը՝ հասնելով 2000-ի, ՀՀ քաղաքացիների՝ արտերկրից վերադարձ (մարտի 13-ից մինչ այսօր ՀՀ են վերադարձվել 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ):
«Ակնհայտ էր, որ սահմանափակումներն անհնար է անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը հստակ կանոնների պահպանմամբ կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է՝ միաժամանակ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիվանդութան առավել խոցելի խմբերի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա: