Արտակարգ դրությունը 1 ամսով երկարաձգելու հարցով ԱԺ հատուկ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց դիմակների ուռճացված գնի հարցը։ Պատգամավորի խոսքով՝ նախկին 30 դրամի փոխարեն այսօր դիմակների գները տատանվում են 200-250 դրամի սահմանում։
«Լինելու է վերահսկողություն պարետատան կողմից, որ միջինացված ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում։ Եթե մարդն անընդհատ պետք է դիմակ կրի և ենթադրվում է, որ արդյունավետ պետք է լինի, գոնե 2-3 ժամը մեկ պետք է փոխի, չե՞ք կարծում, որ գնային հստակ վերահսկողություն պետք է լինի»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դիմակների շուկան
ազատակացված է, դիմակները և ներմուծվում են, և մեծ քանակով արտադրվում են ՀՀ-ում։ «Մենք մի շատ կարճ շրջան դեֆիցիտ ունեցանք դիմակների քանակի առումով, հիմա համաձայն եմ, այո, գները էականորեն աճել են ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Համոզված եմ, որ պայմանավորված է զուտ շուկայով, ակնհայտորեն բոլոր տեղերում կարիքը կա։ Մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ոչ թե գների կարգավորմանը, այլ գուցե ինչ-որ մեխանիզմներ կարող ենք մշակել»,- նշեց պարետը։
Հարցին՝ եվրոպական որոշ երկրների օդային սահմանները բացելուց հետո երկշաբաթյա կարանտինը գործելու է, թե ոչ, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք հունիսի կեսերից։ Մենք արդեն իսկ եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։ Եվ անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»։ Փոխվարչապետը նաև նշեց, որ հնարավոր է քննարկվի տուգանքների չափերի վերանայման հարցը․«Առաջին հերթին և պարտադիր տուգանվելու են այն անձինք, ում ցուցված է եղել ինքնամեկուսացում և իրենք այդ ինքնամեկուսացման ռեժիմը խախտել են, որովհետև իրենք ստեղծել են վարակի տարածման հնարավոր նոր օջախներ։ Ամենախիստ մոտեցումը լինելու է այդ անձանց նկատմամբ։ Բոլոր այն անձինք, ում ցուցվում է ինքնամեկուսացում, ովքեր կոնտակտ են ունեցել վարակակրի հետ, առաջին հերթին լինելու են այդ պատասխանատվության կրողները»,- ասաց Տիգրան Ավինյանը։