Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվրոպայի խորհրդի նախագահի պաշտոնում Հունաստանը փոխարինում է Վրաստանին, իսկ նոյեմբերի 18-ին նախագահությունը կփոխանցի Գերմանիային: Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ առաջնահերթություն են դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությունը, որ շատ արդիական հարց է դարձել կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում և դրամատիկ փոփոխություններ է մտցրել առօրյա կյանքում: Առաջին անգամ խաղաղ ժամանակներում այսպիսի մասշտաբային սահմանափակումներ են մտցվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: «Դա մեզ ստիպել է վերանայել մեր նախագահության ռազմավարությունն ու առաջնահերթությունները»,-հայտարարել է նա: Հունաստանը որպես կենտրոնական թեմա է ընտրել «կորոնավիրուսի պայմաններում մարդկային կյանքի և հասարակական առողջության պաշտպանությունը, առողջապահության ոլորտում ճգնաժամի արդյունավետ կառավարումը` հարգելով մարդու իրավունքների, ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայությունները»: Հունաստանի նախագահության շրջանի կենտրոնական իրադարձությունը կդառնա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակին նվիրված միջոցառումը նոյեմբերի 4-ին, Աթենքում: