Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ հուլիսին նախատեսվում է COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի տարբերակներից մի քանիսի փորձարկման երրորդ փուլը:
«Այս փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մենք չենք ստացել կողմնակի բացասական լուրջ հետևանքների տվյալներ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հուլիսին կսկսենք երրորդ փուլը»,- ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ, առողջապահության փոխնախարար Ժեն Յիսինը:
Չինաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ համավարակի առումով իրավիճակը բարվոք է: «Մենք կարևոր փորձ ենք կուտակել, հանրության տեղեկացվածությունն ու վարակից պաշտպանվելու աստիճանն էլ էապես բարելավվել է: Մենք ենթադրում ենք, որ համավարակի կրկնության առումով իրավիճակը վերահսկվում է»,- ասել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեսուչ Կուի Գանը: