Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երևանի գլխավոր ախտաբանը՝ սահմանափակումների թուլացման մասին

Երևանի գլխավոր ախտաբանը՝ սահմանափակումների թուլացման մասին
15.05.2020 | 23:19

Եթե մենք պետք է միշտ ձեռնոցներով և դիմակներով քայլեինք, ինչի համար էր ի սկզբանե տեղաշարժման սահմանափակումներ մտցվում՝ տնտեսությունը ծանր դրության մեջ դնելով՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի գլխավոր ախտաբան, Հայաստանի «Ախտաբանների և բջջաբանների» ասոցիացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը՝ խոսելով համավարակի ընթացքում սահմանափակումների թուլացման մասին:

«Չգիտեմ՝ որքանով է արդյունավետ պարետատան՝ սահմանափակումների թուլացման վերաբերյալ որոշումը, ժամանակը ցույց կտա, բայց ես մեկ այլ բան կարող եմ ասել՝ այս մեթոդները ցույց տվեցին, որ մեր կառավարությունը կամ սխալ խորհրդատու ունի, կամ ընդհանրապես չունի բժշկական ոլորտում, որովհետև կատարած գործողություններն ընդհանրապես իմաստ չունեին»,- ասաց նա: Ախտաբանի խոսքով՝ ինքը չի հասկանում, թե ինչ է անում կառավարությունը և առողջապահության նախարարությունը, հետևաբար, չի կարող ասել, թե հետագայում ինչ վնասներ կարող են լինել, քանի որ հիմա որակում տալն այս ամենին գուշակության է նման, որովհետև հստակ գնահատական և որակում կարող է միայն տրվել այն ժամանակ երբ կանցկացվեն տոտալ թեստավորումներ բնակչության համար: «Մինչև չիմանանք, թե քանիսն են վիրուսով վարակվել և չիմացել այդ մասին, մինչև չիմանանք, թե քանիսն են վարակվելով իմունիտետ ձեռք բերել, չենք կարող ասել, թե իրավիճակն ինչ հետևանքներ կունենա: Ինչքան էլ ասում են, որ թեստերի քանակը բավարար է, ինձ համար մեծ հարց է, թե ինչ առումով է բավարար, եթե բավարար լիներ, կարող էին բնակչության համար տոտալ թեստավորում կազմակերպել, այդ դեպքում միայն թեստերի քանակը բավարար կլիներ»,- շեշտեց մասնագետը:

Հարցին՝ վարակակիրների թվի ավելացումները տեսնելով՝ կարող էր կառավարությունը հետ կանգնել սահմանափակումները թուլացնելու որոշումից, Մխիթարյանը պատասխանեց՝ հնարավոր է, սակայն դժվար է պատկերացնում, քանի որ մյուս կողմից անհասկանալի էր նման պայմաններում սահմանափակումների երկարաձգումը, որովհետև այս իրավիճակը լուրջ քննարկում էր պահանջում, որը նախարարությունը չէր անում: «Ինձ մոտ այնպիսի կարծիք է, թե ՀՀ առողջապահության նախարարությունը և բժշկական հանրությունը կիսված են երկու մասի ու գնում են տարբեր ուղղություններով: Ոչ մեկը մյուսին չի լսում: Չլսեցինք մի օր, որ առողջապահության նախարարը բժշկական հանրությանը մատնանշեր ու ասեր, որ քննարկել, որոշում ենք կայացրել: Ով ինչպես ուզում, անում է և այստեղ բժիշկները որևէ դեր չեն խաղում: Հասել ենք մի կետի, որ վարչապետն է մեզ խորհուրդներ տալիս, թե ինչ անենք. ոնց լվացվենք, դիմակ կրենք: Սա խոսում է առողջապահական ոլորտում խորը ճգնաժամի մասին»,- նշեց նա:


Հարցին, թե որքանով է իրատեսական Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե վեց երկրների հետ աշխատանքային հեռավար քննարկման արդյունքում հանգել են այն կարծիքին, որ համավարակի ավարտը չի լինի ավելի շուտ քան հինգ տարին է, Մխիթարյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ յուրաքանչյուրս մեր աչքի առաջ ունենք Չինաստանի օրինակը, որը հակառակն է ապացուցում, բայց եթե շարունակվեն նախարարության, կառավարության նման որոշումներն ու գործելաոճը, ոչ թե 5, այլ 10 տարի ևս կարող է համավարակը շարունակվել:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ