Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում, այսօրվա դրությամբ կա արդեն մոտ 10 հաստատված դեպք, առողջապահության նախարարի առաջարկով որոշվել է սահմանել մուտքի և ելքի սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետագա հնարավոր առավել տարածումից, վարակի նոր դեպքերից խուսափելու համար՝ ասել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Հաշվի առնելով, որ Արենի համայնքի բնակիչները, գյուղի բնակիչները կարող են շփվել նաև այլ՝ Եղեգնաձորի, մյուս բոլոր համայնքների բնակիչների հետ, սահմանափակում ենք իրենց ելքումուտքը՝ վերահսկելի իրավիճակ ստեղծելու նպատակով», - նշեց մարզպետը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ուղիղ եթերում: Սահմանափակումները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը՝ նախնական. հնարավոր է, որ միջոցառումները թեթևացվեն կամ ավելի խստացվեն՝ կախված իրավիճակից:
Վարակի օջախի վերաբերյալ հարցին Գրիգորյանն արձագանքեց. «Իհարկե, բոլոր այն անձինք, ովքեր այս հիվանդությամբ տառապում են, վարակված են, պարզ են, նրանք բոլորը մեկուսացված են, սահմանված կարգով անցնում են բուժման պրոցես, ոչ մի խնդիր չկա: Վիճակը կառավարելի է, ուղղակի որ չտարածվի՝ բոլոր հնարավոր միջոցառումները ձեռնարկվել են»: