Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 4 800 000-ը, մահացել է 318 500 մարդ, բուժվածների թիվը մոտենում է 1 800 000-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ տեսագագաթաժողով են անցկացրել, որի ընթացքում առաջարկել են Եվրահանձնաժողովին ընդունել տնտեսական աջակցության պլան այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել են COVID-19-ի համաճարակի ժամանակ:
Համատեղ հռչակագրում նշվում է, որ Եվրահանձնաժողովը կարող է 500 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծել, և որ օգնության այս ծրագիրը կբարձրացնի մրցունակությունը, կամրապնդի եվրոպական երկրների տնտեսությունների մերձեցումը, թույլ կտա ավելացնել ներդրումները, բնապահպանական և թվային ոլորտներում, գիտական հետազոտությունների և նորարարությունների բնագավառներում: Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը: ԵՄ-ն արդեն 500 միլիարդ եվրո էր մոբիլիզացրել՝ ձեռնարկություններին, աշխատուժի շուկային աջակցելու և Եվրամիության՝ համաճարակից առավել տուժած երկրներին վարկեր տրամադրելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ հիդրօքսիքլորոքին է ընդունում: Մալարիայի դեմ այդ դեղամիջոցը նա բազմիցս գովել է, չնայած որպես կորոնավիրուսի դեմ պրոֆիլակտիկ միջոց օգտագործման վերաբերյալ բժիշկների նախազգուշացումներին: «Արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում եմ այն: Օրական մեկ դեղահաբ», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին: Շաբաթներ առաջ Թրամփը ներկայացրել էր դեղը որպես կորոնավիրուսի դեմ հավանական բուժման միջոց: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չի օգնում: 73-ամյա Թրամփը, որ ամեն օր ստուգվում է վիրուսի առկայության հետ կապված, հայտնել է, որ հարցրել է Սպիտակ տան բժշկին՝ կարո՞ղ է դեղն ընդունել, բժիշկն էլ պատասխանել է. «Եթե ուզում եք»: