Ես չեմ կարող վարչապետի խոսքերը մեկնաբանել, դա իմ իրավասությունը չէ՝ Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը հայտարարում, որ Արցախի հարցում հրաժարվել են հող հանձնելու նախորդների ժառանգությունից, ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
«Ես հասկանում եմ, որ այդ ժառանգությունը եկել է Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, այսօր բարդվել է մեր վարչապետի ուսերի վրա։ Բայց ես շատ լավ գիտեմ, որ ոչ մի հայ ղեկավար ցանկություն չուներ մի թիզ հող զիջելու, ոչ մի ղեկավար։ Միայն կար մեկ վտանգ, եթե աշխարհի բոլոր գերտերություններն ուղղակի համախմբվեն և ստիպեն, սպառնան, գուցե այդ դեպքում ստիպված լինենք ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Բայց դա՝ դժվար թե։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ տարբեր գերտերություններ տարբեր շահեր ունեն, որոնք միշտ չէ, որ համընկնում են, բարեբախտաբար», - ասել է Պարգև սրբազանը։
Անդրադառնալով հարցին, թե բանակցային գործընթացում որպես անվտանգային երաշխիքներ առաջարկվող դրույթներն այժմ գոնե որոշակի հստակություն ունե՞ն՝ Պարգև սրբազանն ասել է. «Հիմա էլ է անորոշ։ Ինչ-որ առաջարկում են, երբ խոսում են, անորոշ բաներ են։ Սկզբից հինգ շրջաններ տվեք, լավ, զորքերը հանեք, հետո կտաք երկու շրջան, խաղաղապահ զորքեր կգան, հետո Արցախում հանրաքվե կանեն ստատուսի վերաբերյալ, փախստականներին հետ կբերեն։ Դուք հասկանո՞ւմ եք՝ սա լրիվ միակողմանի քաղաքականություն է ի վնաս մեզ, և ոչ մի անվտանգության երաշխիք, իսկ ստատուսի մասին ընդհանրապես հստակ ոչ մի խոսք չկա։ Բա լավ՝ ի՞նչը պետք է զիջենք, հանուն ինչի՞»: