Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի և նախարարական մակարդակով հանդիպումների հեռանկարներն են քննարկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տեսակոնֆերանսի ժամանակ:
Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մտքեր է փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:
Երեկ կայացել է համանախագահների հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեսակոնֆերանսը, որից հետո Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: