Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվն անցել է 4900 000-ը, 323 000 մարդ մահացել է, բուժվել է 1 690 000-ը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է մեկուկես միլիոնը, համաճարակն արագորեն տարածվում է Բրազիլիայում, Հնդկաստանում, Պերուում, Չիլիում և Մեքսիկայում: Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելել Բրազիլիայից ԱՄՆ մուտքը:
Չինաստանը փակել է Շուլան քաղաքը, որը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքից 200 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում. այնտեղ համաճարակի նոր բռնկում կա:
Առողջապահության 73-րդ համաշխարհային ասամբլեայի մասնակիցները կողմ են արտահայտվել Եվրամիության բանաձևին՝ ստուգելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկել աշխարհի տարբեր երկրներն ի պատասխան համաճարակի:
Մոսկվայի քաղաքապետը նախազգուշացրել է, որ քաղաքը դեռ երկար ժամանակ պետք է ապրի «սահմանափակումների ռեժիմով»: Սանկտ Պետերբուրգում էլ արգելվել է հոգեհանգիստներին և հուղարկավորություններին մասնակցելը:
«Մեդիազոնա»-ի լրագրողներն ուսումնասիրել են ոչ պաշտոնական «Հիշատակի ցուցակը», որտեղ գրվում են համաճարակի ընթացքում մահացած բուժաշխատողների անունները, և կարողացել են հաստատե 186 մարդու մահը՝ ցուցակում ընդհանուր 222 անուն է: Այս տվյալները պաշտոնական վիճակագրության հետ համեմատելու դեպքում ստացվում է, որ Ռուսաստանում Covid-19-ով մահացած յուրաքանչյուր 15-րդը բժիշկ է: Սա 16 անգամ ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ համաճարակի համադրելի պատկեր կա: