Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան գրառումներից մեկին: Էրդողանը գրել է տնտեսությունում առաջացած ճգնաժամի մասին՝ մեղադրելով գործարարներին և քաղաքական գործիչներին, որ 2008-ից արտասահմանյան արժույթները դուրս են բերել Թուրքիայի տարածքից:
«Էրդողանն ասել է. «Իմ երկրից արտարժույթ փախցնող մարդկանց նկատմամբ կարեկցանք չենք դրսևորելու»: Միլիարդավոր դոլարներ Պանամա, Մալթա և Մեն տարած մարդիկ միշտ մոտ են կանգնած եղել իշխանական պալատին: Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, թե ովքեր են դոլարները երկրից դուրս տարել, թող ազգը տեսնի»,-գրել է հայ պատգամավորը: