Ըստ ԱՀԿ-ի վերջին 24 ժամում աշխարհում գրանցվել է Covid-19-ի դեպքերի նոր ռեկորդային աճ՝ վարակվածների ընդհանուր թիվը 5 միլիոն է, ապաքինվել է 1,9 միլիոն մարդ, մահերի թիվը՝ 330 000, վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
Առաջին անգամ Բրազիլիան նոր դեպքերի քանակով առաջ է անցել ԱՄՆ-ից: Համաճարակի ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Բրազիլիայում: Սան Պաուլուում 5 օր «ոչ աշխատանքային» է հայտարարվել՝ համաճարակը զսպելու հույսով: Բրազիլիայի նախագահը չի հավատում կարանտիններին, բայց նրան հաջողվել է ԱՄՆ նախագահի
նախընտրած հիդրօքսիքլորոքինն ընդգրկել Covid-19-ի բուժման համար առաջարկվող դեղերի ցանկում:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որ նույնպես չի հավատում կարանտիններին, բժիշկների հետ հանդիպմանը դիմակով է եկել և նրանց խոստացել դեղեր «երկրի դեղաբույսերից»:
Բելառուսում 32 000 վարակված կա, բժիշկներն ու հիվանդներն ասում են, որ հիվանդանոցները գերհագեցած են:
Ուկրաինայում կարանտինն աստիճանաբար մեղմացվում է: Մայիսի 25-ին Կիևում կսկսի գործել մետրոպոլիտենը, և կբացվեն սահմանները Մոլդովայի և ԵՄ-ի հետ:
Ռուսաստանում առաջին անգամ Covid-19-ից բուժված մարդկանց թիվը գերազանցել է նոր վարակվածներինը: Մոսկվայի քաղաքապետը ամսվա ընթացքում մահացության աճ է կանխատեսում: Համաճարակային իրավիճակի մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկովն էլ «Սոլովյով LIVE»-ի YouTube-ի ալիքի լսարանին հայտարարել է. «Ով պետք է մահանա, կմահանա»:
Ֆրանսիայում Covid-19 ախտորոշմամբ հոսպիտալացված հիվանդների թիվը շարունակում է նվազել, նվազում է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների թիվը՝ եթե մեկ շաբաթ առաջ այդ բաժանմունքներում 2.5 հազար հիվանդ կար, վերջին տվյալներով նրանց թիվն այժմ մոտ 1,8 հազար է: