Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագիծը շրջադարձային ու աննախադեպ է պատմության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե ծրագրի առաջնային նպատակն է խթանել մասնավոր ներդրումների աճը: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝ մեկ առևտրային կազմակերպությունում, փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝
ա. Ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.
բ. Ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ: