Կառավարությունն ընդունեց որոշում Հայաստանում հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին: ԿԳՍՄՆ-ին վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ: ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ «Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը», - ասաց նա: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ «Քայլող մարդը» քանդակի հետ կապված շահարկումներ չե՞ն լինելու: Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ այն ժամանակ, երբ Երևանի ավագանին հավանության էր արժանացրել այդ քանդակի պատրաստումը, որևէ շահարկում չի եղել: Նա նշեց, որ նախագիծը հավանության է արժանացել դեռևս մի քանի տարի առաջ: