Քննչական կոմիտեն քննում է՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Երեկ այդ միջադեպի հետևանքով 4 մարդ էր ձերբակալվել։ Նրանց վերագրվում էր քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այսօր դատարանը 3-ի ձերբակալությունը որակել է ոչ իրավաչափ և ազատ արձակել նրանց։ Ձերբակալված Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանն արդեն ազատության մեջ են։ Աշոտ Պապյանի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց՝ երեկ ձերբակալված Լևոն Համբարձումյանն իրեն փոխանցել է, որ ոստիկանները բերման են ենթարկել կոշտ մեթոդներով։ Մյուս երկու ձերբակալվածները, ըստ փաստաբանների, պնդել են, որ ոստիկանությունում իրենց բռնության չեն ենթարկել։