Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսօր արդեն կկատարեմ կադրային առաջին նշանակումները: Սպասվում են նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ»:
ՙՔաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք, հետագա համագործակցության առումով բավական լուրջ հաջողություններ ենէ արձանագրել Մասիս Մայիլյանի
հետ՚, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Կան քննադատություններ. ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերն օգտագործողներն են ծախվել», - ասաց նա։ Արցախի նախագահը նշեց, թե փոփոխություններ են լինելու։ «Կարևորում եմ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի զբոսաշրջության նախարարությունը, ռազմահայրենասիրությունը լինելու է նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը», - նշեց նա։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ լինելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Նա ասաց, որ Նախագահի վերահսկողության ծառայությունը դառնալու է Պետական վերահսկողության ծառայություն։
«Աշխատանքի բնագավառում թերացման արդյունքում լինելու է համապատասխան վերաբերմունք», - նշեց նա։
Հարությունյանն ընդգծեց, որ ծանոթ-բարեկամ-խնամի կապը պետք է վերանա։
Խոսելով կադրային նշանակումներից՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այսօր խորհրդակցության է հրավիրել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։ «Շատերին հրաժեշտ ենք տալու, այսօր կլինեն նոր նշանակումներ», - ասաց Արցախի նախագահը: