Բրիտանական կողմի նախաձեռնությամբ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապով զրուցել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով: Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ գլոբալ և ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը: Նա շնորհավորել է Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ:
Տեսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: