ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մաղթել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու ՌԴ պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հույս, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին: