Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանին հավանաբար կփոխարինի Շուշանիկ Ներսիսյանը

Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանին հավանաբար կփոխարինի Շուշանիկ Ներսիսյանը
05.06.2020 | 21:18

«Ժողովուրդը» գրել է.

«Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս:
ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:


Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»: Այս ոչինչ չասող տեքստը բազում հարցեր է առաջացնում: Մասնավորապես, արդյոք Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդ մասին ասել։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով նաև առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանի ձևակերպումներից մեկը՝ կապված հեռացող պաշտոնյաների հետ: «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար», – նշել էր վարչապետը` թիմից հեռացող կադրերի մասին խոսելով: Հետաքրքիր է՝ Անանյանի հեռանալը անհանգստացնո՞ղ դեպքերից է, թե՞ ոչ:


Ամեն դեպքում, ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով:


«Որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է ուսումնասիրություն: Լայնածավալ ուսումնասիրություն է», – հավելեց նա: Արդյոք այս ստուգումներն ու հնարավոր բացահայտումները կարող էին աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Մեր տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։ Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, և կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաև Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերևս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում չի բացառվում, որ նա ևս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել»:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ