Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի զոհերի թիվը մոտենում է 403000-ին, վարակվածների թիվը գերազանցել է 7015000-ը, բուժվածներինը՝ 314200-ը, վկայում են ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները:
Բրազիլիան, որը վարակվածների թվով երկրորդն է ԱՄՆ-ից հետո, փակել է կորոնավիրուսի վիճակագրության մի մասը: Ըստ Reuters-ի, COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այլևս չեն հրապարակում, Առողջապահության նախարարության կայքէջից անհետացել են շրջաններում COVID-19-ի տարածման տվյալները և արխիվային տեղեկատվությունը:
«Ամփոփ վիճակագրությունը չի արտացոլում երկրի ներկայիս իրավիճակը», - Թվիթերում գրել է Բրազիլիայի նախագահը, հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու ավելի ճշգրիտ վիճակագրական տվյալներ: Ժաիր Բոլսոնարուն բազմիցս է հայտարարել, որ կորոնավիրուսային վարակի ռիսկը չափազանցված է, քննադատել նահանգապետներին սահմանափակումներ կիրառելու համար, ցուցադրաբար անտեսել Առողջապահության նախարարության խորհուրդները և հանրային հանդիպումներ անցկացրել իր կողմնակիցների հետ: Ապրիլի կեսերին Բոլսոնարուն աշխատանքից հեռացրեց առողջապահության նախարարին, որ պնդում էր՝ հարկավոր է կոշտ սահմանափակումներ կիրառել COVID-19-ի տարածումը կանխելու համար:
Մեծ Բրիտանիայում սկսում է գործել երկշաբաթյա կարանտին երկիր ժամանող բոլոր անձանց համար: Պետք է լրացնել հարցաթերթիկ՝ նշելով կոնտակտային տվյալները և այն վայրը, որտեղ անձը մտադիր է ինքնամեկուսանալ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մինչև հուլիսի 1-ը ծրագրված փուլային մեղմացման ժամանակացույցը կարող է հայտարարվել արդեն այսօր: Ըստ նրա՝ սահմանափակումների մեծ մասը կհանվի: Սոբյանինի խոսքով՝ դեռ չի նախատեսվում բացել մարզական ակումբները և թույլատրել հանրային միջոցառումները: Ռուսաստանում նոր դեպքերի թվի նվազում չի նկատվում: