Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:
«Սիրելի հայրենակիցներ, հասանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինձ հետ են տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, ով երեք անգամ մասնակցել է մեր բրիֆինգներին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց Փաշինյանը: Արսեն Թորոսյանը Փաշինյանին հայտնեց, որ բժշկական կենտրոնում ամենամեծ թվով պացիենտներն են, և վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը այդ հիվանդանոցում է, իսկ Հովակիմյանն էլ նշեց, որ այս պահին վերակենդանացման բաժնում 3 ազատ տեղ ունեն: Զրուցելով բժիշկների հետ՝վարչապետը տեղեկացավ, որ նրանցից ոմանք երկու ամիս տուն չեն գնացել: Վարակվածներից մի քանիսն էլ ասացին, որ համեմատաբար լավ են իրենց զգում: Փաշինյանը շրջայցի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր օգնում են ժողովրդին վարակը հաղթահարելու գործում: