ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից Հայաստանում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով բազմոլորտային արձագանքը՝ հայտնում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների վարչությունը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ արձագանքելով առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, համավարակից տուժած փոքր բիզնեսներին:
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», - Covid-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և կառավարության քննարկման ժամանակ ասել է Շոմբի Շարփը: «Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները», -ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: