Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը
09.06.2020 | 22:48

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին Հայաստանի մասնակցությանը:


Տեսազանգի մասնակիցները քննարկել են նաև 2020-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված համաձայնագրերի նախագծերը, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում և համավարակի դեմ պայքարին ուղղված հակաճգնաժամային բյուջետային աջակցության ծրագրերը: ԵՄ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ծրագրերը կամփոփվեն հուլիսին:


Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում, շարունակական աջակցություն տրամադրելու բարեփոխումների գործընթացում, ներառյալ 2020-ի ծրագրերի համատեքստում: Նա շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իրականացված համապարփակ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար:
Լոուրենս Մերեդիթը տեղեկացրել է, որ ԱլԳ ղեկավարների հանդիպմանը ակնկալվում է քննարկել երկարաժամկետ քաղաքականության հինգ նպատակադրումները, որոնք առաջարկվել էին մարտի 18-ին հրապարակված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ առաջարկի մեջ:


Տեսազանգի ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարում նախաձեռված միջոցառումները և քննարկել են կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրների առջև ծառացած խնդիրները:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ