Սա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, սա ակնհայտ լկտիություն և մանիպուլացիայի փորձ է՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով համացանցում տարածված տեղեկությունների և սքրինշոթերի մասին, ըստ որոնց՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի է ունեցել խմբակային բռնաբարության գործով դատավճիռ:
«Եթե անդրադառնանք տարածված նյութերին, շատ պարզ է, որ այդ գործը շինծու էր և պարոն Ծառուկյանը արդարացվել էր դատարանի կողմից, չգիտես՝ ինչու դրա մասին չեն խոսում: Գոյություն ունի նվազագույն բարոյականության շեմ և չի կարելի քաղաքականությունը խառնել անձնականի հետ: Դե, եթե խառնեցին՝ ի՞նչ ասեմ»,- ասաց նա: Աբովյանը կոչ արեց նման հայտարարությունների փոխարեն երկրի զարգացման հարցերով զբաղվել: Դիտարկմանը, թե առաջին անգամ չէ, որ այս պատմությունը առաջ է բերվում, ի՞նչ պետք է անել, որ այլևս չկրկնվի, պատգամավորը պատասխանեց՝ բարոյական սահման է պետք: «Եթե իշխանությունը ունակ չէ այս պարագայում ադեկվատ ընկալել վտանգները և արձագանքել դրանց, ապա ինչ գործ ունեն նրանք իշխանության գլխին»:
«Մենք ասում ենք՝ աշխատատեղեր չկան, կորոնավիրուսից մարդիկ են մահանում, մարդիկ գերի են ընկել, մեզ ի՞նչ են հակադարձում, ոչ մի բովանդակային հակադարձություն չկա ու ես ապշած եմ այդ լկտիության սահմաններից, ամոթ է »,- ասաց նա և հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության շուրջ, թե իշխանության կազմը 100 տոկոսով պետք է փոխել, ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և ոչ մի գործիք չի անտեսվելու:
Խոսելով Սուրեն Պապիկյանի այն հայտարարության մասին, թե եթե ժողովուրդը տեսի, որ Գագիկ Ծառուկյանի արածները տողատակեր ունեն և իրեն անկյուններում ինչ-որ մարդիկ են սպասում, նրան հիասթափություն է սպասվում, պատգամավորն ասաց, որ իրենց առաջնային նպատակը խնդրիների լուծման մասին խոսելն է և որքան էլ իշխանությունը փորձի թեման շրջանցել, նրանք շարունակելու են խնդիրների մասին բարձրաձայնել:
Աբովյանը նշեց՝ առաջնային ցանկությունն է, որ այն եռանդը, որով իշխանությունը պայքարում է ընդդիմության դեմ, պայքարի կորոնավիրուսային ճգնաժամի դեմ: