Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գևորգ Կոստանյան. Կորոնավիրուսից մահերը քրեաիրավական հետևանքներ պետք է ունենան, նաև փոխհատուցման անհրաժեշտություն կա

Գևորգ Կոստանյան. Կորոնավիրուսից մահերը քրեաիրավական հետևանքներ պետք է ունենան, նաև փոխհատուցման անհրաժեշտություն կա
09.06.2020 | 22:52

Կորոնավիրուսից մահերը քրեաիրավական հետևանքներ պետք է ունենան, ինչպես նաև փոխհատուցման խնդիր կա՝ ոչ միայն բարոյական, այլև նյութական տեսակետից՝ հունիսի 8-ին «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

«Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին։ Հիմա, եթե 2020-ի մարտի 1-ին ունենք կորոնավիրուսի վարակման դեպք, մարտի 14-ին արտակարգ դրությունը հայտարարելն արդյո՞ք ողջամիտ էր, անհրաժեշտ չէ՞ր ավելի շուտ կիրառել արտակարգ դրությունը և ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։ Այս բոլորը հարցեր են, որոնք ոչ միայն քաղաքական, այլև քրեաիրավական գնահատականի են արժանանալու»,- ասաց նա։
ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 200-ից ավելի մահվան դեպք է գրանցվել, ինչը ևս, Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ քրեաիրավական տեսակետից քննարկման և գնահատման ենթակա է։ «Եթե ավելի շուտ հայտարարվեր արտակարգ դրություն, հնարավոր կլինե՞ր կանխել այս մահերը։ Ավելի խիստ և արդյունավետ սահմանափակումների մտցնելու դեպքում հնարավոր կլինե՞ր կանխել թե՛ վարակի տարածումը, թե՛ մահերը։ Չափազանց կարևոր նշանակություն ունի նաև, թե արտակարգ դրություն հայտարարվելուց հետո, երբ կիրառվեցին սահմանափակումներ, այդ սահմանափակումներն անհրաժե՞շտ էին, պատշաճ կարգով կիրառվեցի՞ն։ Գուցե կիրառված սահմանափակումների ոչ արդյունավետությամբ կամ դրանց ոչ ճիշտ իրագործմա՞մբ է պայմանավորված այսքան տարածումն ու մահերը։ Վստահ եմ՝ այս բոլոր հարցերը քրեաիրավական գնահատականի են արժանանալու։ Ընդ որում՝ դա կարող է լինել վաղը, 6 ամիս կամ 10 տարի հետո, բայց անխուսափելի է լինելու, միանշանակ է»,- նշեց նախկին գլխավոր դատախազը։ Նրա խոսքով՝ պետության գերխնդիրը հիմնականում մեկն է՝ առնվազն ապահովել իր քաղաքացիների կյանքի իրավունքը՝ արտակարգ դրության պայմաններում կամ առանց դրա։ Անգամ արտակարգ դրության, համաճարակների պայմաններում, ըստ Գևորգ Կոստանյանի՝ պետությունը պարտավոր է երաշխավորել առնվազն իր քաղաքացիների կյանքի իրավունքը։


«Յուրաքանչյուր մահվան դեպքում պետությունը պարտավոր է վարույթ հարուցել, որպեսզի հստակ պարզի, թե մահացածներից յուրաքանչյուրի դեպքում պետությունը գործադրե՞լ է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի տվյալ անձի կյանքը փրկի։ Երբ ՀՀ-ում, կորոնավիրուսով պայմանավորված, որևէ վարույթ չի հարուցվում, սա համարում եմ, որ պետությունն ուղղակի չի կատարել իր պարտականությունները ժողովրդի և միջազգային հանրության առաջ։ Պատկերացրեք համավարակ չկար, եթե հիվանդանոցում մարդ է մահանում, իրավապահները նախապատրաստում են նյութեր՝ բժշկական սխալից ապահովագրելու տեսակետից։ Ինչպես է, որ կորոնավիրուսով վարակված երկու անձից մեկը մահանում է, մյուսը՝ ոչ, սա պետք է քննարկման առարկա դառնա քրեական վարույթի իրականացման ընթացքում»,- ասաց նա։
Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ պետությունը ձեռնարկել է բոլոր հնարավորություններն իր հարազատի կյանքը փրկելու համար, և որ իր հարազատի մահվան հարցում ոչ ոք մեղավոր չէ։


«Ընդ որում, սա կարևոր է ոչ միայն բարոյական, այլև նյութական փոխհատուցումներ ստանալու տեսակետից։ Կորոնավիրուսի հետևանքով ցանկացած անձի հարազատ փոխհատուցման իրավունք ունի։ Իրավական տեսակետից 2008թ. և 2020թ. արտակարգ դրությունների միջև տարբերություն չկա, քանի որ իրավական տեսակետից կարգավորումները տարբերություն չպետք է ունենան։ Երբ 2008թ. «Մարտի 1-ին» մահացածների դեպքում տրվում է փոխհատուցում, փոխհատուցում պետք է տրվի նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում մահացած բոլոր անձանց։ Եվ մի բան էլ, եթե չի կատարվել դատաբժշկական փորձաքննություն, ինչպես են հայտարարում, թե կորոնավիրուս ուներ, բայց մահացավ այլ հիվանդություններից։ Սա էլ է իրավական գնահատականի ենթակա հանգամանք»,- նշեց նա։


Նախկին գլխավոր դատախազը, զուգահեռներ անցկացնելով 2008թ. և 2020թ. հայտարարված արտակարգ դրությունների միջև, ասաց, որ իրավական տեսակետից դրանք նույնական են։
«Ինչու, Սահմանադրության 120-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է երկրում բացառապես մի դեպքում, երբ կա վտանգ սահմանադրական կարգի սպառնալիքների առկայությամբ։ Արդեն արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքերը կարող են հանգեցնել սահմանադրական կարգի տապալման վտանգի, դա և՛ զինված խմբավորումների գործողություններն են, և՛ կարող են լինել աղետները, և՛ առավել կարևոր է՝ այս դեպքին իդենտիկ համաճարակները։ Այսինքն, անգամ համաճարակի առկայությունը կարող է հանգեցնել սահմանադրական կարգի տապալման վտանգի»,- ասաց նա։
Գևորգ Կոստանյանը նշում է, որ ներկայիս իշխանությունները, արտակարգ դրություն հայտարարելով, համավարակը գնահատում են ուղղակիորեն վտանգ՝ սահմանադրական կարգին։ «2008թ. արտակարգ դրությունը հայտարարվեց այն ժամանակ, երբ արդեն կար զոհ, արդեն սկսված էին զանգվածային անկարգություններ։ Համացանցում հրապարակված տեսագրություններով հստակ երևում է, որ արդեն քաղաքացիների կողմից կրակոցներ են արձակվում դեպի ոստիկանական շարքեր։ Այդտեղ միայն խաղաղ ցուցարարներ չէին, կային և՛ սադրիչներ, և՛ հանցավոր վարքագիծ դրսևորող այլ խմբեր։ Եթե ավելի ուշ հայտարարվեր արտակարգ դրություն՝ զոհերն ավելի շատ չէի՞ն լինի, միանշանակ, դա բացառել որևէ մեկը չի կարող։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո գործի դրվեցին պետական իմպերատիվ մեխանիզմի այնպիսի դրույթներ, որպեսզի կանխեն և՛ մարդկանց մահվան, և՛ մարմնական վնասվածքներ հասցնելու հանգամանքները»,- նշեց նա։


Նախկին գլխավոր դատախազը հիշեցրեց, որ 2008թ. «Մարտի 1-ին» ՀՀ-ում եղել է ոչ միայն 10 զոհ, այլև 200-ից ավելի վիրավոր. «Եթե արտակարգ դրություն չհայտարարվեր 2008թ., համոզված եմ, որ թե՛ մահերի, թե՛ վիրավորների քանակն ավելի շատ կլիներ։ Եվ պետական մեխանիզմների կիրառմամբ, կանխվեցին այդ հանցավոր տարրերի հետագա դրսևորումները»։

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ