Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են Հռոմից հյուսիս ընկած հնագույն քաղաքի ուրվագծերը, և դա անելու համար նրանց հարկավոր է եղել ռադար և քվադրոցիկլ, գրում է South China Morning Post-ը։ Տիբր գետի հովտում հայտնաբերվել է Ֆալերիի Նովի քաղաքի ուրվագիծը։ Քաղաքի հայտնաբերման համար գիտնականները հնագիտական պեղումներ չեն իրականացրել։ Փոխարենը Քեմբրիջի համալսարանի և Բելգիայի Գենտի համալսարանի հետազոտողներն օգտագործել են վերգետնյա թափանցող ռադարներ և արբանյակային նավիգացիա՝ երբեմնի կորած քաղաքի 3D պատկերները ստեղծելու համար:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Antiquity ամսագրում, լույս են սփռել հռոմեական ճարտարապետության և քաղաքային դիզայնի այն կողմերի վրա, որոնց մասին համեմատաբար քիչ բան է հայտնի:
Հետազոտության հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Մարտին Միլետի խոսքով՝ սա նաև առաջին դեպքն է, երբ թափանցող գեոռադարի տեխնոլոգիան օգտագործվել է մի ամբողջ քաղաքի քարտեզագրման համար:
Հետազոտողների ստացած 3D պատկերները ցույց են տալիս մի շարք տաճարներ, պետական կառավարման շենքեր և բաղնիքային համալիր, սյունազարդ անցուղի, որը համարվում է հանրային հուշարձան: