Ես աշխատում էի Գերմանիայում, և դեռ մարտ-ապրիլ ամիսներին ունեցանք COVID 19 մեծաքանակ վարակվածներ, որոնք բուժում էին ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ պարետատան նիստից հետո ասաց բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Գերմանիայում մայիսին վարակը խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր և թողեց ահռելի սոցիալ–տնտեսական հետևանքներ, որից հետո նահանջեց։ «Իմ կարծիքով՝ նահանջ ապրեց բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության հետևանքով։ Այդ ժամանակ հայրենիքում սաստկացող իրավիճակն ամեն օր ինձ մտորումների տեղիք էր տալիս իմ անելիքների մասին։ Մայիսի վերջին տոմս գնեցի առանց հետադարձի ու եկա Հայաստան` Գերմանիայում թողնելով կնոջս ու 10 ամսական երեխայիս»,–ասաց Մանուկյանը։ Նա գալուց անմիջապես հետո միացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թիմին։ «Սա մի սարսափելի աշխատանք է և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ սեփական առողջության տեսանկյունից։ Ամբողջ բժշկական անձնակազմը կռիվ է տալիս մահվան դեմ։ Մի բան հստակ է, որ այս հիվանդությունից ոչ ոք ամբողջովին ապահովագրված չէ»,–ասաց Մանուկյանը: