Դա հրեշային արգումենտ է, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում՝ ինչպես դա կարող է տեղի ունենալ: Հայաստանը փոքր երկիր է, կես քայլի վրա է ամեն ինչ: Կարելի է հասկանալ՝ ինչպես համակարգը ճիշտ աշխատեցնել: Առողջապահության նախարարության գերխնդիրը մինչ օրս աշխատանքի համակարգման անորակությունն է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը:
«Առողջապահության նախարարությունը համակարգման ու հանրության հետ առնչվելու բառամթերքի խնդիր ունի: Ավելի լայն իմաստով՝ Առողջապահության նախարարությունը գործում է էթիկայից դուրս: Քրեական օրենսդրությունում բժշկական հատուկ հոդված կա՝ բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ: Այսինքն՝ բացի նրանից, որ Սահմանադրության մեջ է մարդկային կյանքը սահմանվում որպես գերագույն արժեք, նաև քրեական օրենսդրությունում կա որոշակի անդրադարձ»,-ասաց Արծրունին: Նրա խոսքով՝ հասկանալի է՝ արտակարգ դրությունը թելադրում է մարդու իրավունքների որոշակի սահմանափակումներ: «Բայց արտակարգ դրությունը կոչված է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, համավարակի պայմաններում հնարավոր չափով երաշխավորել մարդու սահմանադրական իրավունքները: Իսկ ի՞նչ է իրականում տեղի ունենում՝ առողջապահության նախարարը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս այնպիսի դրույթներով, որոնք ոչ միայն հումանիզմին հակառակ են, այլև հանրության մոտ որոշակի իրարամերժ վերաբերմունք են առաջացնում: Դրա ապացույցը քաղաքացիների սորտավորման մասին հայտարարությունն էր»,-ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ եթե գերատեսչությունը ստանձնել է մարդկային կյանքերի պատասխանատվությունը, առաջին հերթին պետք է ապահովի բոլոր պայմանները, որ այդ երաշխիքներն արդարացվեն. «Բայց մենք տեսնում ենք հակառակ պրոցեսը՝ սորտավորումն ու սելեկցիոն վերաբերմունքը, պարզվում է, որ դա վերաբերում է ոչ միայն քաղաքացիներին, այլև այն բուժհաստատություններին, որոնք ներկայացնում են իրենցից հենց այն միջոցը, որով պետք է լուծվեին առողջապահական խնդիրները»,-ասաց Արծրունին: Նա նշեց, թե քաղաքացիների սորտավորման մասին խնդրի՝ իր բարձրաձայնումը որոշակի դրական հետևանքների է հանգեցրել, և այն թեզը, որ բուժօգնությունը կարող է անհասանելի լինել բնակչության ինչ-որ մի զանգվածին, արդեն օրակարգից հանված է: «Հստակ փոփոխություն կա, և կարծում եմ՝ դա կբերի ընդհանուր առողջապահական դոկտրինի փոփոխությանը՝ կաշխատի հետևյալ թեզի ներքո՝ ՀՀ քաղաքացին ապահովված է պետության կողմից, և երաշխավորված է իր առողջությունը, և բժշկական համակարգն ամեն ինչ կանի՝ իր քաղաքացուն փրկելու համար»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե փորձագետների պնդմամբ՝ պետք է քաղաքացիների մահվան դեպքերով ուսումնասիրություններ կատարվեն, և տրվեն իրավական գնահատականներ, Արծրունին արձագանքեց, թե ուսումնասիրություններ պետք է կատարվեն ոչ միայն այդ դեպքերով. «Շատ դեպքեր կան, երբ քաղաքացիներին, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, պետական ատյանները ուղղորդել են մասնավոր սեկտոր, և նրանք ստիպված են եղել հսկայական գումարներ ծախսել դիագնոստիկ միջոցառումների և բուժման վրա, ինչը արտակարգ դրության պայմաններում պետք է ստանձնի պետությունը: Այդ մարդիկ պետք է դիմեն դատարաններ, որպեսզի հետագայում կոմպենսացվեն նրանց հոգեբանական և նյութական վնասները»: