ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է Covid-19-ի 7 360 000 դեպք, մահացել է 416 000 մարդ, ապաքինվել է 3 455 000-ը: ԱՀԿ-ն պնդում է, որ երկրագնդի որոշ շրջաններում կորոնավիրուսը շատ արագ է տարածվում՝ բոլոր դեպքերի գրեթե կեսը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում է գրանցվում:
Օրվա կտրվածքով մահացության ամենաբարձր մակարդակը շարունակում է գրանցվել Բրազիլիայում:
ԱՄՆ որոշ նահանգներում Covid-19-ի դեպքերի աճի տեմպը նորից արագացել է:
Վիրուսը սկսել է արագ տարածվել Վենեսուելայում և Հայիթիում, որտեղ վարակի վիճակագրությունը մինչ այժմ նվազագույն էր:
Փորձագետները մտավախություն ունեն, որ վիճակը ավելի կվատանա Հարավային Ամերիկայի երկրներում, որտեղ ձմեռ է եկել, և մոտենում է փոթորիկների շրջանը, քանի որ ցանկացած վարակ ձմռանը ավելի շատ է տարածվում:
Ըստ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր դը Ժունյակի, միջմայրցամաքային ուղևորատար թռիչքները դժվար թե վերսկսվեն տարեվերջից շուտ:
Հունիսի 15-ին Գերմանիան կբացի սահմանները Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի և Շվեյցարիայի հետ՝ հայտարարել է ՆԳ նախարարը: Հորսթ Զեեխոֆերը զգուշացրել է, որ տեղաշարժի սահմանափակումները նորից կկիրառվեն, եթե այդ երկրներում վարակի դեպքերի թիվը վերստին աճի:
Իտալիայում կորոնավիրուսից մահացած մարդկանց 50 հարազատներ պաշտոնական բողոք են ներկայացրել իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով համաճարակի ընթացքում ոչ ճիշտ գործողություններ ձեռնարկելու մեջ: Բերգամոյի դատախազները պետք է հարցաքննեն նախարարներին: