Արցախի հարցը մեր արտաքին քաղաքականության և առհասարակ ՀՀ ամենակարևոր հարցերից մեկն է: Արցախից կախված է մեր ընդհանուր անվտանգությունը, և Արցախի շուրջ ցանկացած գործողություն պետք է կատարել շատ ուշադիր, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Եթե նայենք ԶԼՄ-ներում հրապարակված տարբեր նյութերը, կան կարծիքներ, որ այս իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, վաճառելու և այլն: Ես այդ մեղադրանքները չեմ ընդունում, բայց կարող եմ ասել, որ գործող իշխանությունները չունեն նպատակ՝ Արցախը հանձնելու, կամ զիջելու, կամ Արցախի հարցը չլուծելու», - ասաց Վանեցյանը։ Նրա խոսքով, «գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում գալու-հասնելու ենք մի կետի, երբ Հայաստանն ու Արցախը ստիպված են լինելու գնալ կամ միակողմանի զիջումների, կամ դրա այլընտրանքը լինելու է պատերազմը»:
«Արդյոք մեզ պետք են այդ երկու զարգացումները։ Ոչ, մեզ պետք չեն: Հայ ժողովուրդը դեռևս 1994-ին իր գործն արել է, ազատագրել է մեր հողերը, և մենք այսօր նպատակ ունենք այս հողերը պահելու, շենացնելու և այնտեղ զարգանալու: Բայց մենք տեսնում ենք, թե ինչ զարգացումներ են գնում, և այդ զարգացումները շատ մտահոգիչ են», - ասաց Վանեցյանը: