ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է Covid-19-ի 7,5 միլիոն դեպք, մահացել է 421 000 մարդ, ապաքինվել՝ 3 540 000-ը:
ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 000-ին:
Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Ռուսաստանում մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցվել, քան տասնյակ այլ երկրներում: ԱՀԿ-ն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանում մահացության ցածր մակարդակը դժվար է բացատրել: Մոսկվան հերքում է վարկածը, թե կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները արհեստականորեն իջեցված են:
Թայլանդում հայտնի բուդդայական տաճարի դռները փակել են օտարերկրացիների համար՝ ելնելով Covid -19-ի տարածման մտավախություններից: Բանգկոկի Վաթ Ֆոյի տաճարի գլխավոր դարպասին գրված է. «Ներկայումս արտասահմանցիների մուտքն արգելված է»:
Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ նրանց կթույլատրվի այցելել կորոնավիրուսից ամենաքիչ տուժած ափեր: Առաջինը կբացվեն Կարմիր ծովի հանգստի գոտիները: Մարտին Եգիպտոսը փակել է իր օդանավակայանները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է 22 000 աշխատատեղ կրճատելու մասին` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավիափոխադրումների կտրուկ նվազման պատճառով: Ավիաընկերությունը ճգնաժամից հետո պահանջարկի դանդաղ վերականգնում է կանխատեսում:
Ուկրաինայում հայտարարվել է երեկ Covid-19-ի 689 նոր դեպքի հաստատման մասին: Առողջապահության նախարարությունում թվերը մտահոգիչ են համարում և նշում, որ հնարավոր է վերադարձ որոշ սահմանափակումների:
ԱՀԿ-ն նախազգուշացրել է՝ համաճարակի տարածումը Աֆրիկայում, որը մինչ օրս ամենաքիչն է տուժել կորոնավիրուսից, նոր թափ է հավաքում: