Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թվերի անկման մասին խոսելը:
«Դեռ վաղ է խոսել անկման մասին: Մենք օրեր ենք ունեցել, որ 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը, սակայն, ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար: Մեր գործողությունները պետք է էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արձանագրված ընդհանուր 15 000 դեպքին Հայաստանը նախնական հաշվարկով պետք է հասներ հունիսի 9-ին, սակայն սա չի նշանակում, որ թվերը փոքր են:
«Թվերի աճմանը զուգահեռ ավելանում են նաև ծայրահեղ ծանր դեպքերն ու ծանր դեպքերը: Ծայրահեղ ծանր դեպքերի ու ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, մեծ թվերը բերում են մեծ մահացության, և բոլոր գործողությունները պետք է ուղղվեն թվերի զսպմանը, ոչ թե միայն հզորությունների ավելացմանը»,- նշեց նախարարը:
Կորոնավիրուսով վարակված և թեթև կամ միջին ծանրության դեպքերով անձինք իրենց բուժումը կստանան տանը և հիվանդանոցից դուրս կգրվեն ծանրության աստիճանի թեթևացումից հետո՝ ասաց Արսեն Թորոսյանը: Սորտավորման սկզբունքներն այնպիսին են, որ թեթև և միջին ծանրության դեպքերում վարակվածները «բուժումը ստանալու են տանը և հիվանդանոցից դուրս են գրվելու՝ ծանրության աստիճանի թեթևացումից հետո: Դա մեզ մոտ և ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքականությունն է: Թեթև և միջին ծանրության դեպքերը պետք է մնան տեղամասային թերապևտի հսկողության տակ կամ, եթե շատ թեթև դեպք է, հսկողության կարիք էլ չի լինելու»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով պոլիկլինիկաների հետ կապված խնդիրներին՝ նախարարը նշեց, որ դրանց վրա միանգամից մեծ ծանրաբեռնվածություն է ընկել, և հեշտ չէ միանգամից այդպիսի շատ կարևոր գործառույթ վերցնելը: