Վերջին մեկուկես տարում Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչը դարձել է քաղաքական ֆակտոր, որովհետև ադրբեջանական կողմը սկսեց ռեբրենդինգ անել այդ կառույցը, ղեկավար նշանակեց ավելի կիրթ ու բանիմաց երիտասարդի, մշակեց միջազգային հանրության համար ավելի ընկալելի քարոզչական թեզեր ու մտավ նաև դիվանագիտական ու քաղաքական հարթակ: Առաջ այդ կառույցն առանձնապես աչքի չէր ընկնում ակտիվությամբ: Հայաստանն է օգնել լեգիտիմացնել այդ ներկայցուցիչին՝ իր անգործությամբ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով ԼՂ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ Իրանի դեսպանի հանդիպմանը: «Այստեղ կարծես թե խնդրի լրջությունը չէին հասկանում ամենասկզբից և բավականին քամահրանքով էին վերաբերվում կառույցին, բայց ինչպես տեսնում ենք, արդեն միջազգային հարթակներում ադրբեջանական քարոզչական թեզերի ռետրանսլյացիայի ակտիվությունը և քանակը ակնհայտ ցույց է տալիս, որ կա վտանգ, և այդ վտանգը պետք է չեզոքացվի: Այդ կառույցի ղեկավարը բազմաթիվ նման հանդիպումների է մասնակցում՝ փոխանցելով ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերը միջազգային հանրությանը, բացի այդ՝ ընտրվել է նաև պատգամավոր և ներգրավված է միջազգային կառույցներում»,-ասաց ադրբեջանագետը, ապա ներկայացրեց ադրբեջանական հիմնական թեզերը:
«Դրանք հիմնականում հետևյալն են՝ ադրբեջանցիները պատրաստ են հայերի հետ խաղաղ ապրել և շատ են ուզում վերադառնալ Արցախ, բայց հայերն են մեղավոր, որ կոմունիկացիայի չեն գնում և հրաժարվում են երկու համայնքների երկխոսությունից: Այդ թեզերը միջազգային հանրությանը ներկայացնելու համար կառույցի ղեկավարը բավականին ակտիվ աշխատանքն է իրականացնում, և հետևանքները սպասել չեն տա»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ պետք է անեին ՀՀ իշխանությունները, Էլիբեգովան պատասխանեց, թե նախևառաջ պետք էր այնպես անել, որ այդ կառույցի սուբյեկտայնությունը չբարձրանա, և կանխել միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների կոնտակտներն այդ անձի հետ: «Չստացվելու դեպքում՝ առնվազն պետք էր մեր համարժեք կառույցը ստեղծել՝ համարժեք ղեկավարով, և նույն ակտիվությամբ նույն գործունեությունը ծավալել, նաև մեր փախստականների իրավունքները ներկայացնող կառույցի բրենդինգն իրականացնել, և դրա համար կար բավականաչափ երկար ժամանակ, որը չի օգտագործվել, որովհետև մինչ օրս մենք չենք տեսնում, որ մենք կունենանք նման կազմակերպություն, ոը դրանով ակտիվ կզբաղվի միջազգային կառույցներում»,-ասաց ադրբեջանագետը:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այս ու նմանատիվ իրադարձություններին իշխանությունները չեն արձագանքում, Էլիբեգովան պատասխանեց, թե կարող են տարբեր պատճառներ լինել: «Կարծում եմ՝ խնդրի լրջությունը չհասկանալու, անփորձության կամ միտումնավոր ձայնն իջեցնելու հետ գործ ունենք, որովհետև պետք է բացատրեն՝ ինչու են մեկը մյուսի հետևից ադրբեջանամետ և հակահայկական գործողություններ լինում միջազգային հարթակներում: Բացատրություն պետք է տրվի, թե որտեղ է հայկական կողմը թերացել, ինչ պետք է աներ, որ չի արել, և հանրությանը պետք է բացատրեն: Հետևաբար, ես կարծում եմ, որ բացատրություն չկա կամ հանրությանը բավարար չէ, դրա համար ուղղակի տպավորություն են ստեղծում, որ խնդիրը գոյություն չունի»:
Հարցին՝ ի՞նչ հետևանք կարող է ունենալ լռությունը, Էլիբեգովան պատասխանեց, թե հնարավորություն կստեղծի Ադրբեջանի՝ էլ ավելի սանձարձակվելու և միջազգային ավելի շատ հարձակողական գործությունների դիմելու, ինչը շատ տրամաբանական է. «Երբ հայկական կողմից որևէ հստակ հակազդեցություն չկա, Ադրբեջանը միշտ օգտվում է առիթից: Չպետք է մտածել, որ եթե մենք ոչինչ չանենք, Ադրբեջանը նույնպես որևէ գործողության չի դիմի: Այդպես մտածելը մանկամտություն կլինի»,-ասաց Անժելա Էլիբեգովան: