ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ երկիրը «վստահորեն» և «նվազագույն կորուստներով» դուրս է գալիս «կորոնավիրուսային իրավիճակից»` ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ, Պուտինի կարծիքով, «ժողովրդի շահերի փոխարեն առաջնային է խմբային, կուսակցական շահը»։
«Ռոսիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախարարները և մարզերի ղեկավարը աշխատում են «ինչպես մեկ թիմ», իսկ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է: Ռուսաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում երրորդն է, իսկ ԱՄՆ-ը՝ առաջինը: Վերջին շաբաթներին երկու երկրներում նոր դեպքերի թվի աճը հարաբերական կայուն է՝ օրական նոր դեպքերի թիվը ԱՄՆ-ում 25 000 է, Ռուսաստանում՝ 8-9 000, մինչդեռ ԱՄՆ-ի բնակչությունը գրեթե կրկնակի մեծ է ՌԴ-ից: Համաճարակային իրավիճակը երկրում բարելավվելու մասին ՌԴ իշխանությունները սկսել են հայտարարել վերջին օրերին՝ Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու հարցով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին: