ԼՀԿ կառավարման խորհուրդը հայտարարել է.
«Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։
Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ տարերայնորեն և ինքնաբուխ կերպով հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ԲՀԿ պատգամավորներ։
ՀՀ Ոստիկանությունը, կիրառելով անհամաչափ ուժ, բերման էր ենթարկել, ըստ ոստիկանության տվյալնների, 252 մարդու (վարչական ձերբակալում)՝ այդ ընթացքում դրսևորելով անհարգալից վերաբերմունք քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ։
ԼՀԿ-ն վերահաստատում է, որ հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման և դատապարտվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միևնույն ժամանակ մենք, հավատարիմ մնալով իրավական պետության արժեքներին և իրավունքի գերակայության սկզբունքին, դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ։
Օրենք խախտած յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի:
Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։
Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների և նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերևույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։ Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։ Հատկանշական է նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը և նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։ Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։
Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսևորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ և օրենքի ընտրողաբար կիրառմամբ։
ԼՀԿ-ն խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։
Իշխանություններին կոչ ենք անում զբաղվել համավարակի դեմ պայքարով և սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին»: