Ինձ համար անսպասելի էր, որ հեղափոխության արած ուժը կդառնա հակահեղափոխական՝ Աժ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու, մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը: Արման Աբովյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ասել է ճշմարտությունը, որ ձախողել են:
«Ձախողման հիմնական պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները, մոռացել եք, թե ով է ձեզ բերել իշխանության,և հիմա էլ եք մոռացել: Ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր բոլորից լավ են հասկանում այսօրվա գործողությունների ապօրինությունը, հասկանում են, որ այսօր իրենց ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն: Դուք չեք պատկերացնում, թե որքան եք նման նախկիններին, ձեր հայացքներով, պահվածքով»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Գլխավոր դատախազը այստեղ գալիս և հեքիաթ է կարդում, իսկ Առողջապահության նախարարն իր գործը թողած նախաքննության փաստաթուղթ է հրապարակում և դատախազը ասում է՝ նորմալ է: «Փիառստան եք սարքել Հայաստանը, հերիք է, ձեր ուզածը որն է, պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին, ինչից եք վախեցել, վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ»,-ասաց նա և կոչ արեց աշխատել: «Այո, դուք դավաճանության ճանապարհին եք և այդ դավաճանությունը սկսեց այն պահից հետո, երբ կանանց գետնի վրա Ոստիկանությունը քարշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ եք գրել, որ բռնությունը չի եղել, համաչափ է: Մոռացե՞լ եք ձեզ ոնց էին քարշ տալիս»,-ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ Ծառուկյանի անուն են հոլովում, փորձում են բարի համբավին հարվածել, և նա հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է համակերպվել ստի հետ:
«Դուք հասկանում եք, որ Ծառուկյանը և մենք 25 պատգամավոր չենք և մեր լիդերը չի, հայ ժողովիդ զգալի մասն ենք, և ձեր կռիվը, որ ասում եք պատերազմ, դուք տանում եք ժողովրդի դեմ: Ամսի հինգից հետո սիրտներդ կանգնեց»,-ասաց նա: