«Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ.
«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների:
Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշավը սկսվեց, երբ նա հանդես եկավ կառավարության ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումներն էին Աժ-ում։ Տարված լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը հաստատելու մոլուցքով, իշխանությունը մերժել է քաղաքական ընդդիմության կողմից մեր պետության և հասարկության առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնություն։
Բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականության և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականության ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև:
Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նա՝ քաղաքական և հասարակական ուժերին, համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները: Հայտարարությունը բաց է այլ ուժերի միացման համար»: