The New York Times-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խորհրդարանի որոշմանը՝ նշելով, որ «Հայաստանի խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»:
Նշվում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նաև Հայաստանի մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ գործողությունները քաղաքական շարժառիթներ ունեն: Թերթը գրել է, որ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:
«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարությունն ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,- ասվում է հոդվածում: