«Բացարձակ ընդհանրություն չկա այն ժամանակվա և այսօրվա գործողությունների միջև, եթե դուք նկատի ունեք 2015-ի ՀՀԿ նիստը, Ծառուկյանին բամփել և այլն։ Այն ժամանակ եղել է իմ ընկալմամբ ուղղակի շանտաժ, որ՝ հարգելի Ծառուկյան, մենք ունենք այս-այս կոմպրոմատները, եթե դու չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այդ կոմպրոմատներին։ Սա շանտաժի լեզու էր»՝ Աժ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ այս վարքագիծն այսօրվա իշխանության համար ընդունելի չէ։ «Ճիշտ հակառակը, դուք տեսաք, որ անկախ նրանից, որևէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի հայտարարություն է անում, թե տհաճ, եթե զուգահեռ կա իրավական գործընթաց, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա։ Եթե ընդունենք, որ այդ շանտաժը նորմալ է, իսկ մենք այդպես չենք կարծում, միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ գուցե պետք է բանակցել Ծառուկյանի հետ, չունենալ կառավարության հրաժարական պահանջող խորհրդարանական ուժ, այլ, ինչպես 2015 թվականին է եղել, ակնարկել, որ ավելի լավ է լեզու գտնենք իրար հետ։ Ես կարծում եմ, որ սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չէ»,- ասաց նա։