Իշխանությունն, ըստ ամենայնի, ունի իր սցենարը, որի անունն է հասարակական պառակտման խորացում, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը: Անդրադառնալով ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ նա նկատեց՝ իշխանությունները ԲՀԿ-ի հետ սկսեցին վարվել շինծու մեղադրանքներով, ինչը կանխատեսելի էր: «Իշխանությունն արդեն կորցրել է իրականության ադեկվատ ընկալման ունակությունը, և պետք է ենթադրել, որ մենք ունենք մեկ անձի իշխանություն: Դա մեզ կտանի դեպի անցյալ, դեպի մի իրավիճակ, որը շատ երկրներ վաղուց հաղթահարել են», - նշեց Արա Սահակյանը: Նրա գնահատակոնով՝Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի: «Եթե Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, լրացուցիչ ապացույց կլինի, որ նպատակը նրան մեկուսացնելն է», - ասաց Սահակյանը: Նրա կարծիքով՝ քաղաքական իշխանությունը պետք է գործի քաղաքական մեթոդներով, քանի որ բոլոր կամուրջները դեռ այրված չեն: Պետք է խոսել ընդդիմության հետ, և գնալ միմյանց ընդառաջ:
«Ընդդիմադիր ուժի առաջնորդին տանել բանտ, նշանակում է մերժել որևէ երկխոսության հնարավորություն: Իշխանությունն ինքը մերժեց երկխոսությունը, և ինքն է հետագա բարդացումների մեղավորը», - ասաց նա: Արա Սահակյանը շեշտեց՝ վարչապետը արդարության մասին հիվանդագին պատկերացումներ ունի: