«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով ԱԺ-ում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում ՍԴ-ի հարցը կարգավորելուն: Մայիսի 13-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, և մոտ երկու շաբաթում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, ՍԴ այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ պաշտոնավարում են 12 տարուց ավելի:
Այսինքն՝ վեթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին: