Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերը և համաձայնել հունիսի 24-ին մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյա հաղթանակին նվիրված շքերթին։
«Մենք շնորհակալ ենք Բելառուսի նախագահին այդ որոշման համար, դա ի ցույց է դնում խորհրդային ժողովրդի, Հայրենական մեծ պատերազմի հարցում մեր երկու՝ եղբայրական պետությունների միասնական դիրքորոշումը», - ասել է դեսպանը։ Լուկաշենկոն և նրա աշխատակազմը տեղեկությունը դեռ չեն հաստատել։ Երեկ, անդրադառնալով այս հարցին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Բելառուսից ներկայացուցիչ կլինի, իր մասնակցության մասին չէր խոսել։ Մինսկը սեփական շքերթն անցկացրել էր մայիսի 9-ին, այլ երկրների ղեկավարներից որևէ մեկը չէր մասնակցել, ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորներ էլ «հանցագործություն էին որակել նման միջոցառման անցկացումը կորոնավիրուսի պայմաններում»։