Որևէ մեկին, այդ թվում՝ ընդդիմությանը լռեցնելը ոչ միայն չի համապատասխանում մեր արժեքներին, այլև չի համապատասխանում իրականությանը, ԱԺ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտին:
«Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը: Անձամբ իմ գնահատմամբ, հունիսի 5-ին ԲՀԿ-ի կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը տարբերվում էր ընդամենը երկու կետով՝ առաջինը խոսվում էր կորնավիրուսի դժվարությունների մասին, և երկրորդ՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոսով», - ասաց Մակունցը՝ այսպիսով ակնարկելով, որ այդ ելույթները չէին կարող հետապնդումներ ծնել:
Անդրադառնալով երեկ խորհրդարանում իշխանական խմբակցության պահպանած բացարձակ լռությանը և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին անմասն մնալուն՝ նա ասաց, որ իրենք այլ անելիք չունեին, քան լսել իրավական կողմին՝ դատախազին և փակ քվեարկության ժամանակ որոշում կայացնել: ԱԺ նիստը բոյկոտելու ԲՀԿ-ի որոշման մասին Մակունցը շեշտեց՝ բոյկոտելն ու միջազգային կառույցներին դիմելը ընդդիմության իրավունքն է: