Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք՝ պայմանով, որ նախագահի ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչը, որովհետև գաղափարը մերն է, երկրորդ՝ խորհրդարանում կա 3 քննիչ հանձնաժողով, որոնցից մեկը նախագահում է «Իմ քայլը»-ի ներկայացուցիչը, մյուս երկուսը՝ ԲՀԿ ներկայացուցիչները՝ լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն այդ տարբերակին համաձայն չլինի՞, Մարուքյանն ասաց, թե պատրաստ են քննարկման, թեև իր կարծիքով՝ իրենց դիրքորոշումը շատ արդար է, հատկապես՝ որ իրենք այդ քննիչ հանձնաժողովի առաջարկը ներկայացրել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից առաջ: Նա նաև տեղեկացրեց՝ երբ հայտարարվել է պանդեմիա, ԼՀԿ-ն իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ: Հարցին՝ ԲՀԿ-ն դիմելու է ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը, Մարուքյանը պատասխանեց, որ դրա կարևորության մասին ինքը խոսել է և վարչապետին էլ առաջարկել՝ թույլ տալ խաղաղ հավաքների իրականացումը՝ դիմակների և սոցիալական հեռավորության ապահովման պայմանով: «ՍԴ դիմում են՝ բոլոր միջոցները սպառելուց հետո, և մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկն անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն չի եղել ԱԺ-ում: Պատրաստ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալու, եթե ԲՀԿ-ն միանա»,-ասաց նա: Հարցին՝ մտավախություն չունեն, որ այս հարցերում ԲՀԿ-ին աջակցելու դեպքում ԼՀԿ-ն կարող է ներքաշվել քաղաքական շահարկումների դաշտ, Մարուքյանը նշեց, թե իրենք ոչ մի հարցով մտավախություն չունեն: «ԼՀԿ-ի ուժերը երբեք որևէ այլ օրակարգով չեն օգտագործվել: Մեր ուժն իր քաղաքական հասունությամբ հասել է այն մակարդակին, որ մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անել, անում ենք»,-նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև ոստիկանների կողմից լրագրողներին քաշքշելու դեպքին՝ նշելով, թե դատապարտում է. «Ես կարծում եմ՝ իշխող ուժը դրա մասին պետք է խոր մտածի, իշխող ուժի մեջ բազմաթիվ լրագրողներ այսօր պատգամավոր են: Ես 1-2 դատապարտող խոսք եմ տեսել, բայց ավելին էի սպասում: Վարչապետը երկար տարիներ լրագրող է եղել»,-ասաց էդմոն Մարուքյանը: