Այն խոսակցություններին, թե ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր, հենց այդ հայտարարության օրը իմ մամուլի խոսնակը պատասխանել է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից և հայտարարության պատճառը դա է՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վերջին երկու տարվա վիճակագրություն ներկայացրեց և հիշեցրեց, որ 2018-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ-ն իրենց կառավարության կազմում էր, քրեական գործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ` ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել է, գործը ուղարկվել է դատարան ու կայացվել է դատավճիռ: Նա Հիշեցրեց նաև, որ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ 2019-ի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ, խուզարկել են նրա Ծաղկաձորի առանձնատունը: Նա ասաց նաև, որ Կարապետ Գուլոյանի՝ Ծառուկյանի փեսայի նկատմամբ է քրեական գործ հարուցված եղել, և նրանք վնասը փոխհատուցել են, ինչը նշանակում է, որ մեղքը ընդունել են: «Սրան ավելացնեմ նաև, որ ես հայտարարել եմ, որ կոռուպցիոն գործերով մեր իրավապահ մարմինները էֆեկտիվ չեն գործում: Կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին կարող եմ ասել, որ դրանք եղել են ինչ-որ առումով կուլմինացիա, այդ պաշտոնանկությունների մեջ դեր է ունեցել նաև այս պրոցեսը: Որոշ օղակներում զգացել եմ, որ գործերն առաջ չեն գնում, այս գործը չէ, ընդհանրապես կոռուպցիոն գործերը»,- ասաց նա: Փաշինյանն նշեց, որ ցանկանում է նաև հիշեցնել, որ այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, քննչական վարչության ղեկավարը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչը մեծ աղմուկ առաջացրեց, որովհետև այդ ճանապարհով էր միայն հնարավոր դա անել: «Մենք այս ընթացքում իրավապահ համակարգերում ունեցել ենք մեծ պրոբլեմ, առավոտ ժամը 7-ին իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին տան տիկինը մակիաժով, երեկոյան զգեստով տան դուռը բացեց»,- հայտարարեց վարչապետը:
«Ինչն է եղել ֆաբուլան, այդ քաղաքական ուժի այս հարաբերություններում. իշխանությունը նախկինում այս քրեական գործերը միշտ օգտագործել է, որ այդ ուժերին պահի կոնտրոլի տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել, իսկ մեր իշխանությունը այդպիսի խնդիր չունի: Մեզ պետք չէ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն ու մի քիչ խոսելու ձևը ընտրեն: Մենք իրենց խոսելու ընտրելու ձևը գիտենք, կսովորեցնենք: Ես ասացի՝ իրենք այստեղ չեն էլ խոսի, որովհետև ժողովուրդը իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ քննվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում: «Շատ է խոսվում, թե ինչու ՀՀԿթույլ տված ընտրակաշառքի դեպքերը չեն բացահայտվում: Ես ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո «զիբիլիքսի» գործով դատավճիռ կա: Ես կարող եմ համաձայնել, որ դա ամբողջությամբ չի բացահայտվել, բայց դրա համար եղել են որոշակի պատճառներ: Ի՞նչ տարբերություն ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է մեկ մարդու փողեր, և այդ փողերի ծախսման արդյունքում պետք է եղել հաշվետու լինել, ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել, ինքը միայն ձայն է հաշվետու եղել: ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն անձամբ իր գողացած փողն է ծախսել, և հետևաբար ինքը փողային հաշվետվություն չի տվել»,-ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ ընդունում է այն քննադատությունը՝ թե ինչու ՀՀԿ-ի ընտրակաշառքների համակարգը չի բացվում: «Այո, պետք է այս գործի շրջանակում խորանալ այնքան, մինչև ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտվեն: Ի վերջո, պետք է կոռուպցիոն համակարգն իր վերջին ղազագրով այս հողից արմատախիլ անենք և անելու ենք»,- ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ դեռևս 2017-ին մի օրենքի նախագիծ էր գրել` փոփոխությունների, որով եթե կապացուցվի, որ կուսակցությունները ընտրակաշառք են բաժանել, պետք է այդ կուսակցությունների գործունեությունը կասեցվի: Նա հայտնեց, որ «Ելք» դաշինքի գործընկերները դեմ են եղել շրջանառելու այդ նախագիծը: «Բայց պետք է դրա մասին մտածել, այն կուսակցությունը, որը համակարգված ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցության գործունեությունը: Ես օրենքի նախաձեռնության իդեա եմ տալիս, բայց կարող է կառավարությունն էլ ներկայացնել»,- ասաց նա: