ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնն իր աղմկահարույց գրքում գրել է, թե Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ձինպինիցօգնություն է խնդրել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Բոլտոնի գրքին: Բոլտոնն իր գրքում ուշադրություն է հրավիրում 2019-ի հունիսին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված G-20 գագաթաժողովի կուլիսներում Թրամփի և Չինաստանի նախագահի հանդիպման վրա: Թրամփը չինացի իր գործընկերոջ հետ զրույցում ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների թեմային է անդրադարձել՝ վկայակոչելով Չինաստանի տնտեսական հզոր ներուժը՝ ամերիկյան որոշ ընկերությունների վրա ազդելու հնարավորության տեսանկյունից և «աղաչել է Սի Ձինպինին օգնել իրեն ընտրություններում հաղթելու հարցում»:
Բոլտոնը ենթադրում է, որ Թրամփը Սիին խնդրել է գնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը, որ ինքը կարողանա ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալ «ֆերմերային նահանգներից»: Ըստ Բոլտոնի՝ Թրամփը շեշտել է ընտրությունների արդյունքների համար ֆերմերների և Չինաստանի կողմից սոյա և հացահատիկ գնելու կարևոր նշանակությունը: ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հերքել է Բոլտոնին: «Դա բացարձակապես սխալ է, չի եղել նման բան, ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել և չեմ հիշում, որ նման բան եղած լինի: Ես չեմ էլ հավատում, որ կարող է նման բան պատահել», - հայտարարել է նա: Հունիսի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Բոլտոնին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չհրապարակելու՝ օրենքով սահմանված պարտավորությունը խախտելու համար: