Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8,5 միլիոնին, մահերի թիվն անցել է 453 000-ը, ապաքինվել է 4,2 միլիոն մարդ:
Վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, երկրորդը Բրազիլիան է: Ռուսաստանը վարակվածների թվով երրորդն է, երկու օր անընդմեջ COVID-19-ի նոր դեպքերը չեն անցնում 8 000-ից: ՌԴ-ում 500 բժիշկ է մահացել կորոնավիրուսից՝ բուժաշխատողների անվտանգության հարցերով օնլայն խորհրդաժողովում ասել է «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան, այնուհետև տվյալները «ոչ պաշտոնական» են ճանաչվել, և նույն կառույցի մամուլի բաժնից վստահեցրել են, թե խոսքը համացանցում շրջանառվող թվի մասին էր: «Հիշատակի ցուցակում», այդուհանդերձ, որը մահացած ռուսաստանցի բժիշկների հարազատներն են վարում, այժմ 444 անուն կա:
Չինաստանում էլ վարակի նոր ալիք է սկսվում: Մեկ շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 158 մարդ, բոլորն էլ այս կամ այն ձևով կապ ունեն Սինֆադի մեծածախ շուկայի հետ: Այդ պատճառով իշխանությունները չեղյալ են հայտարարում թռիչքները և վերադառնում տեղաշարժի արգելքներին: