Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից վերադարձել է տուն և, ըստ բժիշկների, շարունակելու է վերականգնողական բուժումը։ Մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ ժամերին Քոչարյանը շտապեց իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում նոր լուսանկար հրապարակել՝ վերնագրելով՝ «Տանը»։
Տուն վերադառնալու համար նա վճարեց 2 միլիարդ դրամ կամ ավելի քան 4 միլիոն դոլար։ Նախկին նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը վճարել են երեկ։ Երեկ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե պահանջվող գումարն իրենց ձեռքի տակ չկա։ Համաձայն հաղորդագրության` գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների և բարերարների, քաղաքացիների աջակցությամբ։ Երկրորդ նախագահի գրասենյակը թեև խոստացել է, բայց դեռ չի հրապարակել Քոչարյանին աջակցողների տվյալները։
Նրա անվան հետ կապվող մամուլը որոշ անուններ արդեն բացահայտել է՝գումարի մեծ մասը հատկացրել են ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը, շինարարական «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը, շինարարական բիզնեսով զբաղվող Գենադի Ստեփանյանը, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը. Քոչարյանը այս ընկերության խորհրդի անկախ տնօրեն է։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իշխանություններին չի անհանգստացնում, որ պաշտոնաթող նախագահն ազատ է արձակվել կալանքից. «Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, ինչ-որ մեկին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն` երբ դրանք հրապարակային են դառնում»: