Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Նրանք քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ շարունակական է լինելու:
«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է, նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար»,- նշել է դեսպանը:
Լիտվայի պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020-ի հունվարից ձեռնարկված նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական համակարգի սերտ գործակցության շնորհիվ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար` հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում: